Այս ուսումնական փաթեթը նպատակ ունի օգնելու ընտանեկան դպրոցներին՝ կազմակերպելու ամառային ուսումնական աշխատանքը: Նախատեսում ենք ամռան այս ամիսների ընթացքում նախագծային աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի 6 տարեկանները գործունեությանը զուգահեռ՝ առանց կտրվելու ուրախություն ու հրճվանք պարգևող գործունեությունից՝ դառնան տառաճանաչ (գրաճանաչ), շարունակելով խաղալ, լողալ, վազել, պատմել, հորինել, մարզվել ու վայելել ամառը: Այս հարցում օգնականների փնտրտուքը ինձ տարավ դեպի Ղազարոս Աղայանի «Ուսումն մայրենի լեզվի» աշխատություն, ինչպես նաև Աիդա Պետրոսյանի «Մեծ խաղ. խոսքը՝ խաղալիք», «Տառուսուցում. ոչ թե նպատակ՝ այլ միջոցներից մեկը», «Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց» հոդվածներ:
5-6 տարեկանների դասարանների ղեկավարները ընտանեկան հեռավար-առցանց դպրոցներին առաջարկել են ճամբարային տարբեր նախագծային ուղղություններ: Քննարկման ընթաքում կարևորեցինք մանկավարժական մոտեցումը. այն է՝ երեխան առանց կտրվելու իր առօրյա խաղային գործունեությունից, խաղա օրվա, թեմայի, իրավիճակի առաջ բերած բառերի հետ, որոնք անմիջապես կապվում են իր կյանքի, առօրյայի հետ:
Այս օրերին ընտանեկան ճամբարներում շրջանառվում են «Մրգատոն-չրատոն», «Ջրատոն» նախագծերը, ընտանեկան ճամփորդությունները, թատրոնն ու ռադիո, TV նախագծերը, իր ընթացքի մեջ է «Ես» նախագիծը, ու էլի համեղ, թեթև, ամառային տարբեր աշխատանքներ: Սովորողն իր շուրջը եղած, ապրող բառերը փորձելու է կենդանացնել, խաղալ դրանցով, քանդել ու հավաքել դրանք, փորձելու է հենց այդ նույն առարկաների միջոցով գրել այդ բառերը, կարդալ: Պատկերացնենք, որ ընտանիքով /օրինակը կա/ թութ են թափ տվել, լցրել են, ուտում են: Իսկ չխաղա՞նք թութ բառի հետ: Հարցնենք սովորողին. ինչպիսի՞ն է /համ, հոտ, գույն, ձև, տրամադրություն…/: Կարող են թթի տրամադրության մասին պատմություն հորինել, ձայնագրել…Իսկ եթե թութը փորձենք շնչով /վանկով/ ու ծափով ասել. թութ ասելու համար քանի՞ անգամ շունչ առանք ու քանի՞ ծափ տվեցինք: Իսկ հիմա փորձենք թութ բառը բաժանել ձայների /հնչյունների/: Հաշվենք ու համեմատենք ծափերն/վանկեր/ ու ձայները /հնչյունները/: Իսկ հիմա սկուտեղի մեջ թթի հատիկներով փորձենք թութ գրել, հետո՝ կարդալ: Չմոռանանք լուսանկարել: Ա՜յ, քեզ ուտելու, համեղ ու քաղցր բառ: Հաշվենք տառերը, առաջին ու վերջին տառերը նույնն են, իսկ մեջտեղում ի՞նչ տառ է: Ո՞ր առաջին տառն ուտենք՝ ի՞նչ կդառնա. նոր բառ ստացվեց…Այսպես կարելի է խաղալ մրգերի, բանջարեղենների, կորիզների, չրերի անուններով, իր ու ընտանիքի անդամների անուններով, այլ, իրեն սիրելի թեմաների շրջանակներում՝ իհարկե ունենալով ուսուցչի խորհրդատվությունը…Յուրաքանչյուր ընտանիք կարող է իր սիրելի բառերի պատը կամ անկյունը ստեղծել, կարող են նկարաշարեր պատրաստել…Կարող են թխել տառեր ու բառեր, գրել ավազին ու քարերով հավաքել ու ստանալ, պատրաստել խմորով ու ծեփել կավով, պլաստիրինով, նկարելով, ներկելով ու տպելով…Կարող են խաղային քարտեր, բառային լոտոներ պատրաստել, որտեղ սովորողը կառնչվի բառին, խոսքին…Ընտանեկան դպրոցներում կարող են սկսել գրքեր, հեքիաթներ կարդալ երեխայի հետ ու երեխայի համար: Երեխային օգնել, որ նա կապը տեսնի բանավոր ու գրավոր խոսքի մեջ, այսինքն՝ այն ինչ պատմում ու լսում ենք, նաև գրում ու կարդում ենք: Մինչև գրել ու կարդալ իմանալը, երեխան պիտի ճանաչի գրավոր խոսքը, իրարից տարբերի պատմությունն ու նկարը, վերնագիրը, բառը, տառը, կետադրական նշանը /առանց դրանք իմանալու/: Կարողանա տեքստում իրեն ծանոթ բառ ու տառ գտնել:
Իհարկե, յուրաքանչյուր 6 տարեկանի դասվար որպես ընտանեկան ճամբարների խորհրդատու կմշակի իր տարբերակը՝ ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում ու զարգացնելով այն, ինչպես նաև առաջ բերելով նոր մոտեցումներ: Այս ընթացքում կարևոր են ընտանեկան դպրոց-ճամբարի ծնող-ուսուցչի դիտարկումները: